ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Երեք նախագահների անկեղծության պահը

Երեք նախագահների անկեղծության պահը
23.10.2013 | 16:39

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը երեկ հայտարարել էր, թե արդեն պատասխան է ստացել ՀՀ երեք նախագահների գրասենյակներց և դրանց պատասխանները իրեն բավարարում են: Իսագուլյանի կարծիքով, նախագահների հանդիպումը կկայանա: Որպես հանդիպման արդյունավետության պայման Իսագուլյանը նշել էր, թե քննարկման ժամանակ պետք է բացակայեն անձնական ամբիցիաները, հակառակ պարագայում նրանք անելիք չունեն Հայաստանի քաղաքական դաշտում և ժողովուրդը պետք է նոր առաջնորդ ընտրի: Տրամաբանորեն, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը համաձայնեն առանց նախապայմանների հանդիպել ու համատեղ քննարկել Հայաստանի առջև ծառացած բազմաթիվ խնդիրները, նշանակում է նրանք արդեն իսկ մոռացել են սեփական ամբիցիաների մասին: Կգնա՞ն նման քայլի երեք նախագահները: Հայաստանի Հանրապետության պատմության մեջ դժվարանում եմ հիշել մի դեպք, երբ երկրի նախագահը ներողություն խնդրի իր ժողովրդից: Ներողություն խնդրելու, նույնն է թե` սեփական անձը անքննելիության հայկական կարծրացած մտայնությունից դուրս դնելու պրակտիկա մեզանում չի եղել: Գոնե մինչև հիմա: Եթե խախտվի այս գործելաոճը, կնշանակի, որ երեք գործիչները իսկապես մտահոգ են Հայաստանի և Ղարաբաղի ներկայով ու ապագայով: Ինքս թերահավատ եմ այդ հանդիպման կայացման առումով: Մի առիթով «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից մեկին, ով վաղուց քաղաքականությունից հեռացել է, հարցրեցի` ինչո՞ւ չեք հավաքվում բոլորով ու խոսում: Ասաց` «Ինչպե՞ս ես պատկերացնում դա: Մարդիկ հին վիրավորանքներ ունեն, անձնական ամբիցիաներ` վերջապես: Չէ, հնարավոր չի, չեմ պատկերացնում»: Գառնիկ Իսագուլյանը այս առումով լավատես է ու հույս ունի, թե նման հանդիպում կայանալու է: Տա Աստված, որ մեր երկրի տարբեր ժամանակների երեք նախագահները կարողանան հաղթահարել իրենք իրենց, կլոր սեղանի շուրջ նստել ու անկեղծ լինել նախ` միմյանց նկատմամբ և ապա` ժողովրդի: Ի դեպ, Իսագուլյանի սույն նախաձեռնությունը կարող է յուրօրինակ լակմուս դառնալ երեք նախագահների` սեփական երկրի ու ժողովրդի նկատմամբ ազնվության առումով:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1414

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ